Ամերիկյան Գրանդ Կանյոնը` բնության հրաշալիք

Այս տարի ևս ամերիկյան Գրանդ Կանյոնն ընդգրկվել է Միացյալ Նահանգների ամենատարածված թոփ 10 տեսարժան վայրերի ցանկում: Գրանդ Կանյոն այցելելիս տպավորություն ստացանք, թե Երկիր մոլորակի կեղևի ներսում ես կամ աշխարհի ծայրին: Երևի թե երկուսն էլ ճիշտ են:

Գրանդ Կանյոնի մասին` 1.6 կմ խորություն, 446 մետր երկարություն, 28 կմ լայնություն. սա դեռ աշխարհի ամենամեծ կանյոնը չէ:

Խմգր.՝  ի դեպ, “ամենամեծ” պնդումն ինքին արդեն սխալ է, քանի որ կանյոնները բնորոշվում են որպես ամենամեծը` ըստ խորության, երկարության և ընդհանուր մակերեսի: Գրանդ Կանյոնը դասվում է աշխարհի յոթ բնական հրաշալիքների թվին և համարվում աշխարհի ամենամեծ կանյոններից մեկը` ըստ իր խորության:

Տարեկան կտրվածքով ամերիկյան կանյոններ է ժամանում 4.5 մլն այցելու և շրջում լաստերով, ոտքով, ջորիներով, ուղղաթիռներով: Եվ չնայած այցերի նման բարձր ցուցանիշների` դեռ ոչ ոքու չի հաջողվել գրավել և ուսումնասիրել կանյոնի բոլոր գագաթները, խորությունները: Կանյոնը տարանջատում են Հարավային և Հյուսիսային Րիմերի (ի դեպ, դրանք բոլորովին տարբեր են իրենց գունային երանգավորումներով և խորությամբ): Հիմնականում այցելությունների մեծ մասը կատարվում է Հարավային Րիմ, քանի որ վերջինիս ենթակառուցվածքն ավելի զարգացած է զբոսաշրջության տեսակետից: Սակայն Հյուսիսային Րիմն իր գեղեցկության առումով ավելի աննկարագրելի է` հատկապես կանյոնի ներսի լճակներով, փոփոխվող գույներով և ամայի վայրերով:

Ամենից շատ կանյոնը մարդաշատ է ամռան ամիսներին, չնայած և անտանելի շոգ է այդտեղ: Կանյոնը պարզապես լեռների, քարերի, ժայռե բեկորների կամ գետերի տեսարժան վայր չէ, ինչպես շատերն են պատկերացնում: Այստեղ կատարվում են պեղումներ, բուսականության և քարերի տեսակների ձևավորման, գոյացությունների ուսումնասիրություններ: Վերածվելով Ազգային Պարկի՝ Գրանդ Կանյոնը պիտակավորվեց որպես ամենակարևոր ամերիկյան տեսարժան վայրերից մեկը, սահմանվեց մուտքի տոմս (մեր այնտեղ գտնվելու ժամանակ` 20 ամերիկյան դոլար), ստեղծվեց ավտոկայան: Այժմ Գրանդ Կանյոն ժամանելիս այցելուներին տրվում են կանյոնի բացահայտված հատվածների քարտեզներ, ջրի կայանների, հանգստյան գոտիների ուղեցույցներ, երթևեկելու միջոցների տեսակներ և ընդհանուր կարճ ծանոթացումներ:

Կանյոնները հսկայական են: Տեղացիները հաճախ կրկնում են՝ զբոսաշրջիկները տեսնում են միայն տեսանելին, մակերեսային հատվածը, իսկ իրական գեղեցկությունը՝ պատսպարված լճերը, Կոլորադո գետի հոսանքի տարբեր ուղղությունների հետևանքով առաջացած ջրափոսերը, լճակները, առավել գունային քարե բեկորները, հասանելի են կանյոնի մշտական այցելուներին և տեղացիներին: Տեղացիների համաձայն` եթե նախկինում կանյոնի այցելուները մնում էին կանյոնում մոտ 2-3 շաբաթ, ապա այժմ մեծ մասը լուսանկարվում է, դիտահարթակից ուսումնասիրում տեղանքն ու հեռանում:

Խմգր.՝ Գրանդ Կանյոնը համարվում է Միացյալ Նահանգներում վրանային ճամբարների, լեռնագնացների, արշավային խմբերի ամենատարածված այցելության վայրը:

Ինչպես հասնել կանյոններ՝
-    Շահել, ավելի ճիշտ՝ ձեռք բերել Green Card :)
-    Ժամանելով ԱՄՆ` ճանապարհ ընկնել դեպի Լաս Վեգաս կամ Ֆենիքս քաղաք, որտեղից արդեն ավտոբուսները կտեղափոխեն ձեզ Հարավային Րիմ:

TIPs-եր կանյոններ մեկնելիս`

- Դեպի կանյոններ ուղևորվելիս ձեզ մոտ ունենալ հայելի: Կանյոններում մոլորվելու կամ ուժասպառ լինելու դեպքում կկարողանաք լուսային նապաստակներով նշմարներ տալ օդում մշտապես պտտվող ուղղաթիռներին: Նման կերպ ամերիկյան Գրանդ Կանյոնում ամսական կտրվածքով օգնության են հասնում մոտ 30 զբոսաշրջիկների:
- Հնարավորության դեպքում որպես էքսկուրսավար կամ ուղեկցորդ ընտրել տեղացիներից մեկին: Նրանք ձեզ ցույց կտան այն, ինչ գրված չէ քարտեզներում:
- Կանյոնը տեսնել լուսաբացին. կանյոնի կարմրագույն երանգները քամելեոնանման երանգավորում են ստանում լուսաբացին:
- Բնիկ տեղացիների և բազմաթիվ ամերիկացիների համար, ովքեր այցելում են կանյոններ տարին մի քանի անգամ, Գրանդ Կանյոնը պարզապես տեսարժան վայր չէ (ի դեպ, տեղացիները նույնիսկ կարող են վրդովվել նման ձևակերպումից), այլ խորհելու, իմաստավորվելու և ներքին հանգստություն ձեռք բերելու վայր: Մի վայր, որտեղ հասկանում ես մարդկային ուժի չնչին զորությունը երկնայինի դեմ: Նրանք նույնիսկ համարում են կանյոնի ոչ մարդաշատ գագաթները յուրատեսակ ստրեսազերծման միջոց:
- Կանյոն հասնելուն պես մի՛ բավարարվեք դիտահարթակից կանյոնի գեղեցկությունն ուսումնասիրելով: Կանյոնը ներսից են բացահայտում: Ի դեպ, կանյոնի դիտահարթակը համարվում է աշխարհի ամենամեծ դիտահարթակը:
- Եթե համարձակությունը կների, ապա միանշանակ պտտվել կանյոնի տարածքներով լաստերով և հասնել մինչև Հավասու հիասքանչ ջրվեժ:


- Ուղղաթիռով պտտվելու ծառայությունը կկազմի մոտ 70 ԱՄՆ դոլար:
- Կանյոնով շրջելու ամենատարածված տարբերակը ջորիներովն է, հատկապես, եթե ակտիվ մարզական զբոսանքի սիրահար չեք :)
- Գրանդ Կանյոն պետք է այցելել աշխատանքային օրերին: Հանգստյան օրերին այն շատ մարդաշատ է:
- Զգուշանալ սողուններից. կանյոնի տարածքում կա սողունների 57 տեսակ:
- Կանյոնի Այցելուների կենտրոնից հարկ է վերցնել կանյոնով զբոսնելու ուղեցույց: Եվ հնարավորության դեպքում այցելել Բլու Ջոն կանյոն, որտեղ նկարահանվել է 127 ժամ ամերիկյան կինոնկարը, որը պատմում է ամերիկացի լեռնագնաց, կանյոնների մագլցող Արոն Ռալսթոնի` կանյոն կատարած արշավի և պատահարի մասին: